Կենսաբանությունը որպես գիտություն, կենդանի համակարգեր

Երկրագնդի անբաժան մասերից է կյանքը: Կյանքը` որպես երևույթ, իր դրսևորումն է ստանում իրեն բնորոշ հատկանիշներով` բազմացում, զարգացում, նյութափոխանակություն, աճ և այլն:
Կենդանի օրգանիզմները` բույսերը, սնկերը, կենդանիները, բակտերիաները ամենուրեք շրջապատում են մեզ և հանդիսանում բնության անկրկնելի բաղադրիչ:
Կենսաբանությունը գիտություն է կյանքի, նրա դրսևորումների, առանձնահատկությունների, ծագման և զարգացման մասին:
Կենսաբանություն կամ բիոլոգիա բառն ունի հունական ծագում և առաջացել է «բիոս»` կյանք և «լոգոս»` գիտություն բառերից:
19-րդ դարում կենսաբանությունը վերջնականորեն ամբողջանում է որպես բնական գիտաճյուղ և իր տեսադաշտում ընգրկում է կյանքի կազմավորման առանձնահատկությունները՝ միաբջիջ օրգանիզմներից մինչև մարդ:
Կենսաբանության զարգացումը հարստացրեց գիտելիքները մարդու, նրա կառուցվածքի և առողջության մասին: Այդ իսկ պատճառով կենսաբանության զարգացմանը միշտ հաջորդել է բժշկության վերելքը և մարդու առողջության պահպանման և հիվանդությունների հաղթահարման միջոցների կատարելագործումը:
Անկենդան տարրերը և կենդանի օրգանիզմները միմյանց հետ փոխկապակցված են և երկրագնդի մակերևույթին կազմում են կենդանի թաղանթ, որը կոչվում է կենսոլորտ: Կենդանի օրգանիզմներին գոյության համար անհրաժեշտ է արեգակնային էներգիա, թթվածին, ջուր, ածխաթթու գազ, հանքային տարրեր և այլն: Այդ պայմաններն առկա են երկրագնդի երեք կառուցվածքային շերտերում. մթնոլորտում, քարոլորտում և ջրոլորտում և հատկապես դրանց շփման սահմանագծում:
Կյանքն ունի կազմավորվածության մակարդակներ:
Կենսական հատկանիշները, մարմնավորվելով անկենդան նյութի մեջ, պայմանավորել են նրա ուղղորդված, կազմակերպված և անընդհատ զարգացումը պարզից դեպի ավելի բարդ համակարգեր:
Կենդանի օրգանիզմների կազմավորման մակարդակներն են`
1մոլեկուլային → 2բջջային → 3հյուսվածքային → 4օրգանային → 5օրգանիզմային → 6տեսակային → 7պոպուլյացիոն → 8կենսացենոզային → 9կենսոլորտային
Կյանքի կազմավորման մոլեկուլային մակարդակ (նուկլեինաթթուներ, սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր): Երկրագնդի վրա որոշակի պահից սկսած մի շարք անկենդան մոլեկուլներ ձեռք բերեցին ինքնաբերաբար վերարտադրվելու հատկություն: Դրանց վերարտադրությունը կատարվում էր արտաքին միջավայրի հետ տարբեր ատոմների փոխանակությամբ: Այսպիսով կյանքը ձևավորվեց որպես բազմացող և նյութափոխանակություն կատարող բաց համակարգ:
Կյանքի կազմավորման բջջային մակարդակ (կորիզավորներ, նախակորիզավորներ, թարթիչավորներ, մտրակավորներ): Ինքնավերարտադրությունը կատարյալ և համակարգված դարձավ բջջի կազմավորմամբ: Բջիջը հանդիսանում է քիմիական խոշոր մոլեկուլների հատուկ կազմավորված ամբողջություն, որին բնորոշ են կենսական բոլոր հատկանիշները:
Կյանքի կազմավորման հյուսվածքային մակարդակ (նյարդային, մկանային, գոյացնող, փոխադրող): Որոշ գործառույթների (սննդառություն, շնչառություն, արտազատություն) լիարժեք և արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է կազմության բարդացում և մասնագիտացում: Արդյունքում առանձնացված կյանք վարող բջիջները խմբավորվում են գաղութների մեջ, ապա ձևավորում հյուսվածքներ:
Կենդանիների օրգանիզմներում հանդիպում է չորս հիմնական հյուսվածք` էպիթելային, շարակցական, մկանային և նյարդային:
Կյանքի կազմավորման օրգանային մակարդակ (տերև, արմատ, սիրտ, երիկամ): Կենդանի նյութի հատկանիշների հետագա դրսևորումը ընթացել է կառուցվածքի բարդացման և բջիջների ու հյուսվածքների միջև աշխատանքի բաժանման ճանապարհով:
Օրգաններն ունեն հստակ կառուցվածք և տեղաբաշխում` պայմանավորված իրենց կատարած աշխատանքի բնույթով: Սրտի կառուցվածքը ամբողջովին համապատասխանում է պոմպի աշխատանք կատարելուն, ոսկրերը իրենց կառուցվածքով լծակներ են, նյարդերը կատարյալ հաղորդիչներ և այլն:
 Կյանքի կազմավորման օրգանիզմային մակարդակ: Մեզանից յուրաքանչյուրը, մեր ընտանի կենդանիներից շունը կամ կատուն, անապատի ուղտը,անտառային գայլը և այլն, ներկայանում է որպես առանձին կենսագործող օրգանիզմ: Բնության մեջ ինքնուրույն և ամբողջական կենսագործող օրգանիզմը կոչվում է առանձնյակ:
Կյանքի կազմավորման տեսակային մակարդակ (մարդ բանական, ճարպիկ մողես, հողաթափիկ ինֆուզորիա, աղեխորշավոր հիդրա): Բազմազան կենդանիներից յուրաքանչյուրը ներկայացնում է որոշակի տեսակ` եղևնի, մեղու, սալորենի, չղջիկ և այլն: Տեսակը ոչ թե եզակի կենդանի ամբողջություն է, այլ այն հատկանիշների հատկությունների և կյանքի կազմավորման տվյալ մակարդակին բնորոշ առանձնահատկությունների ամբողջությունը:
Հատկանիշների այդ ամբոջությունը փոխանցվում է սերնդեսերունդ և ձևավորում որոշակի օրգանիզմ: Այդ պատճառով խնձորենու սերմից աճում է միայն խնձորենի, ծիրանենուց` ծիրանենի, առյուծը միայն առյուծ է ծնում, բորենին` բորենի:
Կառուցվածքով և կենսակերպով նման առանձնյակները, որոնք ունեն բնակության տարածք և ընդունակ են սերնդագործել, ձևավորում են տեսակ:
Պատկերված ցանկացած առանձնյակ՝ ձի, օձ, մարդ, եղևնի կամ այլ օրգանիզմ, ներկայացնում է կյանքի կազմավորման և´ օրգանիզմային, և´ տեսակային մակարդակները:
Կյանքի կազմավորման պոպուլյացիոն մակարդակ (պարս, վտառ, երամակ, ոհմակ): Ցանկացած կենդանի օրգանիզմ հիմնականում ընդունակ չէ գոյատևել մեկուսացված իր տեսակին պատկանող այլ առանձնյակներից: Օրգանիզմները գոյատևում են հիմնականում խմբերով, որտեղ գործում են բազմապիսի փոխհարաբերություններ, որոնք զբաղեցնում են տարբեր տարածություններ և միմյանցից գտնվում են զանազան հեռավորությունների վրա:
Ձիերի երամակը, մեղուների պարսը, գայլերի ոհմակը, ոչխարների հոտը, մարդկային քաղաքներն ու գյուղերը պոպուլյացիաների օրինակներ են:
Կյանքի կազմավորման կենսացենոզային մակարդակ (անտառ, ճահիճ, մարգագետին, անապատ): Տարբեր տեսակներ և դրանց առանձնյակներ չեն կարող գոյատևել առանց մեկը մյուսի, ինչպես փոշոտող միջատն ու բույսերն իրենց ծաղիկներով: Փտող բնափայտն ու քայքայող մանրէները, լեշակեր շնագայլերն ու գիշատիչները:
Կյանքի կազմավորման տվյալ մակարդակում են կառուցվածքի և գործառույթների փոխարեն բարդանում են օրգանիզմների և շրջապատի միջև եղած հարաբերությունները: Արդյունքում տարատեսակ օրգանիզմներ և անկենդան բնության որոշակի պայմաններ միավորվում են համակարգերի մեջ: Դրանցից են անտառը, անապատը, մարգագետինը, ճահիճը: Թվարկվածները հանդիսանում են կենսացենոզներ:
Կյանքի կազմավորման կենսոլորտային մակարդակ (կենդանի բնություն): Երկրագնդի վրա բոլոր կենսացենոզների ամբողջությունը ձևավորում է կենսոլորտ: Այդպիսով, կենսոլորտը երկրագնդում առկա բոլոր կենդանի օրգանիզմների և դրանց միմյանց ու շրջակա միջավայրի հետ ունեցած փոխհարաբերությունների ամբողջությունն է:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *