Հայաստանի առաջին հանրապետություն

Հանրապետության հռչակմանը նախորդել են Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերը, որոնց շնորհիվ հայ ժողովուրդը կարողացավ 543 տարի անց վերականգնել պետականությունը:1918 թ-ի մայիսի 26-ին՝ Անդրկովկասյան սեյմի լուծարման օրը, իր անկախությունն է հռչակել Վրաստանը, մայիսի 27-ին՝ Ադրբեջանը: Մայիսի 28-ին Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդն ընդունել է հռչակագիր, որտեղ ասված էր. «Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով և Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր դրության հանդեպ Հայոց ազգային խորհուրդն իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն»: Մինչև Թիֆլիսից կառավարության ժամանումը Երևան՝ իշխանությունն իրականացրել է Երևանի ազգային խորհուրդը՝ Արամ Մանուկյանի գլխավորությամբ:

 

Նորաստեղծ պետությունն առաջին պարտադրված պայմանագիրն ստորագրել է Թուրքիայի հետ՝ Բաթումում` 1918 թ-ի հունիսի 4-ին՝ Անդրկովկասի գերմանա-թուրքական նվաճման պայմաններում. հայկական կողմը ներկայացրել են Հովհաննես Քաջազնունին և Ալեքսանդր Խատիսյանը: Այդ պայմանագրով՝ Թուրքիան ճանաչել է Հայաստանի անկախությունը, Հայաստանը հրաժարվել է ոչ միայն Արևմտյան Հայաստանից ու Կարսի մարզից, այլև Արևելյան Հայաստանի մի շարք շրջաններից՝ Ալեքսանդրապոլի և Համամլուի (Սպիտակ) գավառներից, Երևանի ու Էջմիածնի գավառների մի մասից, Շարուր-Դարալագյազի գավառի 1/5-րդ մասից: Հայաստանի Հանրապետությանը մնացել է ընդամենը 12 հզ. կմ2 տարածք: Թուրքերն իրավունք էին ստանում Հայաստանի տարածքով զորք տեղափոխելու Բաքու, որտեղից պետք է դուրս բերվեին Բաքվի կոմունան պաշտպանող հայկական ուժերը: Սակայն Բաքվի Հայոց ազգային խորհուրդը մերժել է այն, քանի որ վտանգվում էր քաղաքի մոտ 100 հզ. հայության կյանքը: Հայաստանին նաև պարտադրվում էր իր տարածքում զինաթափել հակաթուրքական «ավազակային զորաջոկատները»՝ նկատի ունենալով հատկապես Զորավար Անդրանիկի հրամանատարությամբ գործող զինված ջոկատները: 1918 թ-ի հուլիսի 19-ին Ազգային խորհուրդը վերջապես ժամանել է Երևան. առաջատար քաղաքական կուսակցությունների և Թիֆլիսի ու Երևանի ազգային խորհուրդների համաձայնությամբ կազմվել է բարձրագույն օրենսդիր իշխանությունը՝ Հայաստանի խորհուրդը, որտեղ ընդգրկվել են տարբեր կուսակցությունների,  ազգային խորհուրդների անկուսակցական և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ՝ 46 մարդ, որից 18-ը՝ դաշնակցական: Հուլիսի 24-ին հրապարակվել է գործադիր բարձրագույն իշխանության՝ Կառավարության կազմը. վարչապետ՝ Հովհաննես Քաջազնունի, ներքին գործերի նախարար՝ Արամ Մանուկյան, արտգործնախարար՝ Ալեքսանդր Խատիսյան: Օգոստոսի 1-ին Հայաստանի խորհուրդը Երևանում գումարել է իր առաջին նիստը, նախագահ է ընտրվել Ավետիք Սահակյանը: Նիստը որոշում է ընդունել քայլեր ձեռնարկել երկիրը ծանրագույն վիճակից դուրս բերելու համար: 1918 թ-ին Հայաստանը դիվանագիտական, ռազմական ու տնտեսական մեկուսացման մեջ էր: Վիճակը բարելավվել է, երբ Առաջին աշխարհամարտում (1914–18 թթ.) Թուրքիան պարտություն է կրել և սկսել հեռանալ Անդրկովկասի գրավված շրջաններից, այդ թվում՝ Լոռուց և Ախալքալաքի գավառներից: Սակայն այդ տարածքների պատկանելության շուրջ հակամարտություն է ծագել Հայաստանի և Վրաստանի միջև, որը 1918 թ-ի դեկտեմբերի կեսերին վերածվել է հայ-վրացական պատերազմի: Հայկական զինված ուժերը Դրոյի գլխավորությամբ կարողացել են վրացիներին դուրս քշել Լոռուց և զգալի ռազմամթերք գրավել: Հայկական զորքերի առաջխաղացումը դեպի Թիֆլիս կանխել են անգլիացիները:

Հարևան երկրներից միայն Իրանի հետ են հաստատվել բարիդրացիական հարաբերություններ: Ադրբեջանի ու Թուրքիայի դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ ի սկզբանե կոշտ ու թշնամական էր: Ադրբեջանը տարածքային հավակնություն ուներ Զանգեզուրի, Լեռնային Ղարաբաղի և Նախիջևանի նկատմամբ: 1919 թ-ի գարնանը հայկական զորքերը անգլիացիների աջակցությամբ ազատագրել են Կարսի մարզը և Նախիջևանի գավառը. Կարսի նահանգապետ է նշանակվել Ստեփան Ղորղանյանը: Այսպիսով` հանրապետության տարածքն ընդարձակվել և հասել է 60 հզ. կմ2-ի: 1919 թ-ի աշնանը հայ-ադրբեջանական ընդհարումներ են տեղի ունեցել Զանգեզուրի համար: Միայն Անդրանիկի, ապա՝ Դրոյի ձեռնարկած համառ ջանքերի շնորհիվ հաջողվել է պահպանել Զանգեզուրը: 1919 թ-ի փետրվարին Երևանում տեղի է ունեցել Արևմտահայության 2-րդ համագումարը, որոշում է ընդունվել Անկախ և Միացյալ Հայաստանի հռչակման մասին: Անկախության տարեդարձի օրը՝ մայիսի 28-ին, Կառավարությունը, որն արդեն գլխավորում էր Ա. Խատիսյանը, Հայաստանը հռչակել է Անկախ և Միացյալ Հանրապետություն: Փաստորեն ՀՀ Կառավարությունն իրեն համարում էր նաև Արևմտյան Հայաստանի տերը: 1919 թ-ի հունիսին տեղի են ունեցել ընտրություններ` 7 կուսակցությունների մասնակցությամբ: Խորհրդարանի ընտրված 80 անդամներից 72-ը դաշնակցականներ էին:

 

Հանրապետությունը սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակում էր, քայքայվել էր տնտեսությունը, չէին աշխատում պղնձի հանքերն ու գործարանները: 1918 թ-ի վերջին և 1919 թ-ի սկզբին սովյալների թիվն անցնում էր կես միլիոնը: Սովից ու համաճարակներից մահացել է 180 հզ. մարդ, հիմնականում՝ արևմտահայ գաղթականներ: Արտասահմանում օգնություն կազմակերպելու համար Եվրոպա և Ամերիկա է մեկնել պատվիրակություն՝ Հ. Քաջազնունու գլխավորությամբ: Ամերիկյան առաջին օգնությունը Հայաստան է հասել 1919 թ-ի մայիսին: Հանրապետության տարբեր վայրերում ստեղծվել է մանկատների ցանց: Ամերիկյան կոմիտեն մեծ օժանդակություն է ցուցաբերել երկրի չքավոր ու գաղթական բնակչությանը: Սփյուռքահայ մի շարք բարեգործ մեծահարուստներ միջոցներ են հատկացրել և կտակներ փոխադրել Հայաստան: Լուսավորության և մշակույթի նախարար Նիկոլ Աղբալյանի ջանքերով 1920 թ-ի հունվարի 31-ին Ալեքսանդրապոլում բացվել է պետական համալսարանը: Հիմնադրվել է Հնությունների պահպանման պետական կոմիտե, նախատեսվում էր ստեղծել նաև պետական թատրոն: ՀՀ կայունությանը, սակայն, սպառնում էին թուրք-թաթարական ներքին խռովությունները, որոնք ճնշելու համար իշխանությունները ստիպված էին դիմելու զինված ուժերին: ՀՀ-ում կյանքի կայունացման ընթացքը խանգարվել է 1920 թ-ի մայիսին բոլշևիկների կազմակերպած ապստամբությամբ: Մայիսի 5-ին կազմվել է նոր Կառավարություն՝ Համազասպ Օհանջանյանի գլխավորությամբ, ընդունվել է օրենք արտակարգ դրություն մտցնելու մասին: Մայիսի կեսերին կառավարական ուժերին հաջողվել է ճնշել ապստամբությունը, որը, սակայն, երկրի համար ծանր հետևանքներ է ունեցել: 1920 թ-ից սկսվել է Հայաստանի միջազգային ճանաչման նոր շրջանը

 

 

Հունվարի 23-ին Փարիզի խորհրդաժողովում Անտանտի երկրները որոշել են դե ֆակտո ճանաչել Հայաստանի անկախությունը: Դեռևս 1918 թ-ի վերջին Հայաստանի խորհրդարանը կազմել էր հատուկ պատվիրակություն՝ Ավետիս Ահարոնյանի գլխավորությամբ, և ուղարկել Եվրոպա՝ 1919 թ-ի հունվարին Փարիզի Խաղաղության խորհրդաժողովում հայ ժողովրդի շահերը պաշտպանելու համար: Փարիզ է ժամանել նաև արևմտահայության շահերը ներկայացնող ազգային պատվիրակությունը՝ Պողոս Նուբարի գլխավորությամբ. մշակվել է խորհրդաժողովին ներկայացվելիք միասնական ծրագիր: Թուրքիայի հետ հաշտության նախագծի մշակման համար 1920 թ-ի ապրիլին Սան Ռեմոյի (Իտալիա) խորհրդաժողովում մեծ տերությունների ղեկավարները հատուկ ուշադրություն են հրավիրել Հայկական հարցին՝ լուծումը համարելով Հայաստանի 2 հատվածների միավորումը: Այդ նպատակով անհրաժեշտ էր, որ որևէ մեծ տերություն ընդուներ Հայաստանի հովանավորությունը: ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնը համաձայնել է ստանձնել Հայաստանի մանդատը, սակայն 1920 թ-ի հունիսի 1-ին ԱՄՆ-ի Սենատը մերժել է: 1920 թ-ի օգոստոսի 10-ին Փարիզի Սևր արվարձանում Անտանտի երկրները և Թուրքիան ստորագրել են պայմանագիր,  որը հայանպաստ էր: ՀՀ-ի կողմից պայմանագիրն ստորագրել է Ավետիս Ահարոնյանը: Պայմանագրի 88–93-րդ հոդվածները վերաբերում էին Հայաստանին:  Ցավոք, ստեղծված միջազգային նոր իրադրության պայմաններում այս պայմանագիրը կյանքի չկոչվեց: Ավելին, շուտով Թուրքիայում իրավիճակի տեր դարձան քեմալականները, որոնք չճանաչեցին ո՜չ Սևրի պայմանագիրը, ո՜չ Հայաստանի Հանրապետությունը

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *