Բասկետբոլ

Բասկետբոլը թիմային խաղ է, որտեղ երկու հակառակորդ թիմերը, որոնցից յուրաքանչյուրը հիմնականում կազմված է լինում 5 խաղացողներից, պայքարում են ուղղանկյունաձև կորտում, 24 սմ տրամագծով բասկետբոլի գնդակը հակառակորդի՝ 3,048 մ բարձրության վրա տեղադրված, վահանակին ամրացված 46 սմ տրամագիծ ունեցող զամբյուղի մեջ գցելու համար, միաժամանակ թույլ չտալով հակառակորդին գնդակը գցել սեփական զամբյուղը։ Երբ գնդակը հայտնվում է զամբյուղում ցանկացած տեսակի նետումով (բացի տուգանային նետումից), թիմը ստանում է 2 կամ 3 միավոր, ինչը կախված է նետում կատարող խաղացողի և զամբյուղի միջև հեռավորությունից։ Կոպիտ խաղի դեպքում, ժամանակը կանգնեցվում է և այն խաղացողը ում հանդեպ կատարվել էր խախտումը ստանում է 1 միավորանոց մեկ կամ մի քանի ազատ նետումների (Free throw) հնարավորություն (տեխնիկական խախտման դեպքում նույնպես տրվում է 1 միավորանոց ազատ նետման հնարավորություն)։ Խաղում հաղթում է այն թիմը, որը խաղի ընթացքում վաստակում է ավելի շատ միավորներ, իսկ եթե խաղի հիմնական ժամանակը ավարտվում է «ոչ-ոքի» արդյունքով` նշանակվում է հավելյալ ժամանակ։

Խաղացողները քայլելիս կամ վազելիս պետք է տեղաշարժվեն գնդակը վարելով (դրիբլինգ) կամ գնդակը փոխանցեն թիմակիցներին, ինչը մեծ վարպետություն է պահանջում։ Հարձակվելիս մարզիկները կարող են օգտագործել նետման բազմաթիվ տեսակներ, օրինակ՝ ցատկով, վահանակից անդրադարձով նետում (Layup shot), նետում թռիչքի ժամանակ (The jump shot), նետում՝ գնդակը դնելով անմիջապես զամբյուղի մեջ (Slam dunk): Պաշտպանության ժամանակ խաղացողները իրավունք ունեն գնդակը խլել վարում կատարող հակառակորդից, որսալ փոխանցումները, կասեցնել նետումները։ Եվ՛ հարձակման, և՛ պաշտպանության ընթացքում խաղացողները կարող են որսալ նաև զամբյուղից կամ վահանակից անդրադարձած՝ զամբյուղում չհայտնված գնդակը։ Առանց գնդակի վարման հենարան ոտքը գետնից պոկելը կամ տեղաշարժելը, գնդակի վարումը դադարեցնելուց հետո կրկին վերսկսելը համարվում են կանոնների խախտումներ (վարման ընթացքում գնդակին երկու ձեռքով դիպչելը համարվում է վարման դադարեցում)։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *