Կրթահամալիրի ներքին կարգապահական կանոնները

Սովորողի իրավունքներն ու պարտականությունները

 

Ներքին կարգապահական կանոններ

 

Իրավական հիմքը

 

1.1. Կանոնները Տնօրենի ներկայացմամբ հաստատում է Խորհուրդը: Այն գործողության մեջ է մտնում կրթահամալիրի տնօրենի հրամանի համաձայն: Կանոններում փոփոխությունները կատարվում են նույն կարգով:

 

1.2. Կանոնները կազմելիս հիմք են ընդունվել ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը, «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Նախադպրոցական կրթության մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպության մասին» ՀՀ օրենքները (այսուհետ` Օրենսդրություն), կրթահամալիրի կանոնադրությունը (այսուհետ` Կանոնադրություն), Տնօրենի աշխատանքային պայմանագիրը, ՀՀ միջնաժամկետ ծախսերի ծրագրերը,  ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ սահմանված կարգով կնքվող պետական աջակցության ամենամյա պայմանագրերը, կրթահամալիրի զարգացման ծրագիրը (այսուհետ` զարգացման ծրագիր):

1.3. Կանոնները, դրանց փոփոխությունները կրթահամալիրի Տնօրենի սահմանած կարգով հրապարակվում են կրթահամալիրի պաշտոնական կայքում:

 

1.4. Կանոններին, ներքին իրավական այլ ակտերին Աշխատողը ծանոթանում է նույն օրը` ստանալով դա իր էլ. հասցեին:

 

1.5. Աշխատողի պաշտոնի նկարագիրը և Անհատական Պլանը ներքին իրավական ակտեր են:

 

ՀՀ ԿԳՆ «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` կրթահամալիր)

 

2.1. շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող` փորձարարական հետազոտական, նախադպրոցական, հանրակրթական, լրացուցիչ (այդ թվում` արտադպրոցական) հեղինակային կրթական ծրագրեր, նախամասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական փորձնական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների միավորում է` պետական ոչ առևտրային կազմակերպություն (ՊՈԱԿ):

2.2. Կրթահամալիրի հիմնադիրն է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, լիազորված պետական մարմինը` ՀՀ կրթության և գիտության նախարարությունը:

2.3. Կրթահամալիրի կառավարումն իրականացնում են հիմնադիրը, նախարարությունը, կրթահամալիրի կառավարման խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ), կրթահամալիրի գործադիր մարմինը` տնօրենը (այսուհետ` Տնօրեն):

2.4. Կրթահամալիրն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է օրենսդրությամբ, կրթահամալիրի կանոնադրությամբ (այսուհետ` Կանոնադրություն), Կանոններով, սահմանված կարգով ընդունված ներքին իրավական այլ ակտերով (այսուհետ` Ակտեր):

2.5. Կրթահամալիրն իրականացնում է Կանոնադրությամբ, զարգացման ծրագրով, ՀՀ միջնաժամկետ ծախսերի ծրագրերով, ՀՀ ԿԳ նախարարության հետ պետական աջակցության ամենամյա պայմանագրերով մշակվող, տարածվող հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրեր:

 

2.6. Կրթահամալիրի առարկան նախադպրոցական, ընդհանուր տարրական, հիմնական, միջնակարգ հեղինակային կրթական ծրագրերի (այդ թվում` առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և արտակարգ ընդունակություններ դրսևորած երեխաների կրթություն), նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական փորձնական, լրացուցիչ (այդ թվում` արտադպրոցական) կրթական ծրագրերի (այսուհետ` Կրթական ծրագիր) մշակումը, իրականացումը և ՀՀ ԿԳ նախարարության հետ կնքվող պետական աջակցության ամենամյա պայմանագրերով որոշված` տարածումն է: Կրթահամալիրի գործունեության նպատակներն ու խնդիրները որոշված են Կանոնադրությամբ, զարգացման ծրագրով, սահմանված կարգով կրթահամալիրում իրականացվող ծրագրերով և գիտափորձերով:

2.7. Կրթահամալիրի ուսումնական հաստատությունն ունի կրթահամալիրի կառուցվածքային ստորաբաժանման կարգավիճակ և իրականացնում է կրթահամալիրի և մասնաճյուղի կանոնադրություններով որոշված հեղինակային կրթական ծրագրեր, որոնք սահմանված կարգով հաստատում է Խորհուրդը:

 

2.8. Մասնաճյուղի կանոնադրությունը Տնօրենի ներկայացմամբ հաստատում է Խորհուրդը: Մասնաճյուղի ղեկավարին (տնօրենին) Տնօրենի ներկայացմամբ հաստատում է Խորհուրդը: Մասնաճյուղի ղեկավարի գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները որոշվում են մասնաճյուղի կանոնադրությամբ, կրթահամալիրում իրականացվող ծրագրերով, ղեկավարի աշխատանքային պայմանագրով, սովորողների և ծնողների հետ կնքվող ուսումնառության պայմանագրով, այլ ներքին և անհատական իրավական ակտերով:

 

2.9. Տնօրենը մասնաճյուղի ղեկավարի հայտի հիման վրա յուրաքանչյուր ուսումնական տարվա համար սահմանված կարգով մասնաճյուղի օգտագործմանն է հանձնում անհրաժեշտ գույք և տարածք:

 

2.10.  Կրթահամալիրի գործունեությունն իրականացվում է Զարգացման ծրագրով:

 

2.11. Տնօրենին կից գործում է վարչական խորհուրդ, որի կազմը և աշխատակարգը որոշում է Տնօրենը:

 

2.12. Ուսումնական աշխատանքները կազմակերպվում են կրթական ծրագրի ուսումնական պլանի, Սովորողի անհատական ուսումնական պլանի, կրթահամալիրի ուսումնական օրացույցի և դասացուցակների հիման վրա: Ուսումնական պլանով սահմանվում են դասավանդվող առարկաները և դասընթացները, դրանց ծավալը, կազմակերպումը, սովորողների արձակուրդների ժամկետներն ու տևողությունը:

 

2.13. Կրթահամալիրի մասնաճյուղերում ուսումնական պարապմունքները կազմակերպվում են կրթահամալիրի տնօրենի հաստատած միասնական ժամատախտակով, որով որոշվում է ուսումնական պարապմունքների սկիզբը և ավարտը:

 

2.14. Կրթահամալիրի մասնաժողովի ներկայացմամբ մասնաճյուղերի (կրթական ծրագրերի, դասարանների, ակումբների, սովորողների խմբերի) ուսումնական պլանները, առարկայական ծրագրերը, ուսումնական տարում գործածվող ուսումնական ձեռնարկների և մեթոդական ուղեցույցների ցանկը հաստատում է Խորհուրդը:

2.15. Կրթահամալիրում, մասնաճյուղերում սահմանված կարգով կարող են ձևավորվել և գործել կրթահամալիրի աշխատողների (այսուհետ` Աշխատող), սովորողների ծնողների, սովորողների ժողովները (հավաքները, խորհուրդները, ակումբները), ինքնավարության այլ մարմիններ:

 

2.16. Տնօրենը.

 

ա)  ընտրվում է Խորհրդի կողմից, մրցութային կարգով.

 

բ) իրականացնում է Կանոնադրությամբ, նախարարության հետ կնքված աշխատանքային պայմանագրով, Օրենսդրությամբ որոշված գործառույթներ.

գ) չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի մանկավարժական, գիտական և ստեղծագործական աշխատանքներից:

 

2.17. Տնօրենի բացակայության դեպքում սահմանված կարգով նրա լիազորություններն իրականացնում է փոխտնօրենը:

 

2.18. Խորհուրդը կրթահամալիրի կառավարման կոլեգիալ մարմինն է, որի լիազորությունները սահմանվում են Օրենքով և Կանոնադրությամբ:

 

2.19. Կրթահամալիրը սահմանված կարգով տիրապետում, տնօրինում և օգտագործում է սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:

 

1.20. Կրթահամալիրին ֆինանսավորում է հիմնադիրը: Կրթահամալիրի ֆինանսական միջոցները գոյանում են պետական հատկացումներից, ծնողի հետ կնքվող ուսումնառության պայմանագրով նախատեսվող ուսումնական լրավճարներից և օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:

 

Աշխատաժամանակը կրթահամալիրում: Աշխատաժամանակի ռեժիմը

3.1   Կրթահամալիրում աշխատանքային շաբաթը հնգօրյա է:

 

3.2   Ուսումնական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողի (ուսուցչի, դասավանդողի) աշխատաժամանակի տևողությունը շաբաթական 33 ժամ է, երկարօրյա դաստիարակինը` 20 ժամ, ուսուցողական ծրագրի ղեկավարինը` 40, նախադպրոցական խմբի դաստիարակինը, մասնախմբի (ամբիոնի) ղեկավարինը` 36 ժամ, վարչական աշխատողինը` 40 ժամ: Կրթահամալիրի դասավանդողի ուսումնական պարապմունքների ծավալը չի կարող պակաս լինել շաբաթական 18 դասաժամից և գերազանցել շաբաթական 22 դասաժամը: Աշխատանքային (ուսումնական) անհրաժեշտության դեպքում դասավանդողի ուսումնական պարապմունքների ծավալի փոփոխության մասին Տնօրենն ընդունում է անհատական իրավական ակտ:

 

3.3   Կրթահամալիրի կրթական օբյեկտների պահակ-բակապահների և առանձին աշխատողների աշխատաժամանակը որոշվում է աշխատանքային պայմանագրով:

 

3.4   Մասնաճյուղի դասավանդողների, այլ աշխատողների աշխատանքի սկիզբը, ավարտը և ընդմիջումը մասնաճյուղի ղեկավարի ներկայացմամբ որոշում է Տնօրենը:

 

3.5   Դասավանդողի աշխատաժամանակի կառուցվածքն արտահայտվում է Պլանում:

 

3.6   Երկուշաբթիից շաբաթ` ժամը 8.00-21.00 կրթահամալիրի սովորողները, Աշխատողները, ծնողները սահմանված կարգով օգտվում են մասնաճյուղերի գույքից, իսկ 21.00-ից և կիրակի օրերին` Տնօրենի որոշած անձինք, Տնօրենի սահմանած կարգով:

 

3.7   Կրթահամալիրի սովորողների աշնանային, ձմեռային, գարնանային և ամառային արձակուրդների (սովորողների արձակուրդ) ժամանակահատվածները, որոնք չեն համընկնում դասավանդողի արձակուրդների հետ, համարվում են աշխատաժամանակ:

 

3.8   Սովորողների արձակուրդի ընթացքում դասավանդողները մասնակցում են կրթահամալիրի ուսումնական օրացույցով, հեղինակային կրթական ծրագրով կազմակերպվող՝ մանկավարժական աշխատողների դպրոցներին, իրականացնում հեղինակային կրթական ծրագրերի մշակման-կիրառման-տարածման հետ կապված ուսումնական, մեթոդական, կազմակերպական աշխատանքներ:

 

3.9   Ուսումնաօժանդակ և սպասարկող անձնակազմի աշխատաժամանակի ռեժիմը սովորողների արձակուրդների ժամանակահատվածում որոշվում է զբաղեցրած պաշտոնին համապատասխան կնքված աշխատանքային պայմանագրով:

 

3.10 Աշխատողների աշխատաժամանակի ռեժիմը սովորողների արձակուրդի

ժամանակահատվածում կանոնակարգվում է Ակտերով, աշխատանքային պայմանագրերով և աշխատանքի կատարման ժամանակացույցով:

 

3.11Աշխատողների աշխատաժամանակի հաշվառումը մասնաճյուղի գրասենյակի ղեկավարը կատարում է աշխատաժամանակի հաշվառման էլեկտրոնային տեղեկագրում:

 

Աշխատողի հանգիստը

 

4.1   Օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատողն ունի.

 

ա) վճարովի արձակուրդի իրավունք`

 

դասավանդողը` աշխատանքային 35 օր տևողությամբգրադարանավարը` աշխատանքային 20 օր տևողությամբմասնաճյուղի ղեկավարը` աշխատանքային 25 օր տևողությամբայլ աշխատողների արձակուրդը` Օրենսդրությամբ սահմանված կարգով.

 

բ) կողմերի համաձայնությամբ աշխատողին կարող է մեկ տարվա ընթացքում տրամադրվել չվճարվող արձակուրդ՝ ոչ ավելի, քան վաթսուն օր.

 

գ) Տնօրենի որոշմամբ կարող է Աշխատողի աշխատավարձը պահպանվել գործուղման, հետազոտական աշխատանքի (ստեղծագործական), կրթահամալիրի նախաձեռնությամբ ուսումը շարունակելու համար տրվող արձակուրդի ժամանակ:

 

4.2   Կրթահամալիրը ապահովում է որակյալ սննդի մատչելի ծառայություն սովորողների և աշխատողների համար:

 

Աշխատանքային հարաբերությունների ձևակերպումը և դադարեցումը

 

5.1. Աշխատանքային պայմանագրերը կնքում և լուծում է Տնօրենը` ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով:

 

5.2.Կրթահամալիրի մասնաճյուղերի, կրթահամալիրում իրականացվող ծրագրերի ղեկավարների, դասավանդողների և բարձր որակավորում ունեցող մասնագետների թափուր կամ նոր ստեղծված աշխատատեղերը համալրվում են մրցույթի արդյունքներով կամ հրավիրյալ մասնագետներով: Մրցույթի կարգը և պայմանները, մասնագետի հրավիրելու կարգը Տնօրենի ներկայացմամբ հաստատում է Խորհուրդը: Մինչև մրցույթի արդյունքների ամփոփումը Տնօրենը կարող է նշանակել ղեկավարին փոխարինող կամ ինքը կատարել նրա պարտականությունները:

 

5.3. Աշխատանքային պայմանագիր կնքելու համար Աշխատողը ՀՀ օրենքով պահանջվող փաստաթղթերը որոշված ժամկետում ներկայացնում է Տնօրենի գրասենյակ:

5.4. Մասնաճյուղի, ծրագրի ղեկավարի և դասավանդողի հետ աշխատանքային պայմանագրի լուծման մասին Տնօրենը տեղեկացնում է Խորհրդին:

 

Աշխատողի աշխատավարձի կառուցվածքը, չափը, աշխատավարձի վճարման պայմանները

 

6.1. Աշխատողի աշխատավարձը ներառում է հիմնական աշխատավարձը (պաշտոնական դրույքաչափը) և Գործատուի կողմից աշխատողին իր կատարած աշխատանքի դիմաց ցանկացած եղանակով տրված լրացուցիչ վարձատրությունը:

 

Աշխատողի աշխատավարձը կախված է կատարված աշխատանքի քանակից և որակից, կրթահամալիրի (մասնաճյուղի) գործունեության արդյունքներից:

 

6.2. Աշխատողի հիմնական աշխատավարձի չափը (պաշտոնային դրույքաչափը) սահմանվում է աշխատանքային պայմանագրով: Աշխատողը Խորհրդի սահմանած կարգով կարող է ստանալ լրավճար, հավելավճար և պարգևատրում:

 

6.3. Լրավճարի, հավելավճարի և պարգևատրման միջոցների գոյացման և վճարման կարգը սահմանվում է գործատուի ներքին իրավական ակտերով:

 

Աշխատողի պարտականությունները

 

7.1. Յուրաքանչյուր Աշխատող կրթահամալիրում ունի աշխատավայր (մասնաճյուղ), որի ղեկավարը համարվում է Աշխատողի անմիջական ղեկավարը:

 

7.2. Աշխատողի պարտականությունները որոշված են ՀՀ օրենսդրությամբ, կրթահամալիրի կանոնադրությամբ, Կանոններով, Հրահանգով, Պլանով, Ակտերով:

 

7.3. Մանկավարժական աշխատողը պատասխանատու է հեղինակային կրթական ծրագրերի մշակման, իրականացման և տարածման համար:

 

7.4. Աշխատողը պարտավոր է մասնակցել կրթահամալիրի աշխատողների ժողովներին, մանկավարժական աշխատողը` նաև սահմանված ժամանակացույցով կազմակերպվող մանկավարժական աշխատողների բաց դպրոցներին, ամսական մեկ անգամ` մասնաճյուղի մանկավարժական աշխատողների հավաքին (մանկավարժական խորհուրդ), ամսական մեկ անգամ` մասնագիտական խմբի (ամբիոնի) հավաքին, կրթահամալիրի ղեկավարի, մասնաճյուղի ղեկավարի որոշմամբ մասնակցել առցանց և այլ քննարկումների:

7.5. Աշխատողը պարտավոր է իր աշխատատեղում և իր գործունեության ընթացքում պահպանել հիգիենիկ և անվտանգ միջավայր, ունակ լինել մասնակցելու և նպաստելու անվտանգ կենսագործունեություն ապահովող միջոցառումներին, ուսումնական պարապմունքի գնալիս ժամացույց, համակարգիչ (նոթբուք, նեթբուք, համարժեք այլ միջոց), դասընթացի ծրագրով անհրաժեշտ ուսումնական թվային այլ գործիք ունենալ:

 

7.6. Աշխատողը պարտավոր է ունենալ իր էլեկտրոնային հասցեն, որը հայտնի է կրթահամալիրի բոլոր աշխատողներին, շահառուներին և պարտադիր բացվում, ստուգվում է օրը 2 անգամ, գործածել mskh.am փոստի (Live@Edu) հասցեների համակարգը, ուսումնական աշխատանքի կազմակերպման, արդյունքների համակարգման նպատակով վարել իր անձնական բլոգը (էջը), սահմանված կարգով լրացնել էլեկտրոնային մատյանը, մասնակցել կրթահամալիրի, մասնաճյուղի կայքերի պահպանման և զարգացման աշխատանքին, իմանալ այդտեղ հրապարակված նորությունները:

 

7.7. Աշխատողը պարտավոր է մասնակցել մասնագիտական վերապատրաստման դասընթացների, միջոցառումներին, մշտապես ինքնակրթվել և գործնականում կիրառել դրա արդյունքները, սահմանված կարգով ատեստավորվել:

 

7.8. Աշխատողը պարտավոր է մասնակցել կրթահամալիրի շահառուների իրազեկման, սովորողների ընդունելության, խորացված ուսուցման դասարանների ձևավորման աշխատանքին:

 

7.9. Աշխատողը պարտավոր է սահմանված կարգով ներկայացնել իր գործունեության հաշվետվությունը։

 

Աշխատողի իրավունքները

 

8.1. Աշխատողի իրավունքները որոշված են Օրենսդրությամբ, Կանոնադրությամբ, Կանոններով, Հրահանգով, Ակտերով:

 

8.2. Աշխատողն իրավունք ունի սահմանված կարգով մասնակցելու կրթահամալիրում և մասնաճյուղերում իրականացվող ծրագրերին:

 

8.3. Աշխատողն իրավունք ունի անարգել ստանալու կրթահամալիրի գործունեությանը վերաբերող ցանկացած տեղեկություն, մասնակցելու կրթահամալիրում իրականացվող միջոցառումներին, հավաքներին, ժողովներին, քննարկումներին (այդ թվում՝ առցանց), վարչական խորհրդի, մասնաժողովի և կրթահամալիրի խորհրդի նիստերին, կազմակերպելու քննարկումներ և առցանց քննարկումներ:

 

8.4. Աշխատողն անվճար օգտվում է կրթահամալիրի գրադարանից, մեդիագրադարանից, սահմանված չափով` ինտերնետից:

8.5. Աշխատողն իր հիմնական աշխատատեղում ունի աշխատանքային պայմաններ, սնվելու պայմաններ:

 

8.6. Աշխատողն անվճար ստանում է մասնագիտական աջակցություն կրթահամալիրի մասնաճյուղերի (ուսուցողական ծրագրերի, ուսումնական կենտրոնների ղեկավարների, ծառայությունների) կողմից:

 

Սովորողի իրավունքներն ու պարտականությունները

 

9.1. Կրթահամալիրի ուսուցողական ծրագրի սովորողը այն երեխան է, ում ծնողն ընտրում է կրթահամալիրում իրականացվող հեղինակային մանկավարժությունը և Խորհրդի հաստատած կարգով մասնաճյուղի ղեկավարի հետ կնքում է ուսումնառության մասին պայմանագիր:

 

9.2. Սովորողի իրավունքները սահմանված են «Կրթության մասին», «Հանրակրթության մասին» և «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքներով, օրենսդրությամբ, Կանոններով, նրա ուսումնառության պայմանագրով:

 

9.3. Սովորողն իրավունք ունի սահմանված կարգով ընտրելու իր նախասիրած գործունեությունը, խորացված ուսուցումը, ակումբը, լրացուցիչ կրթությունը:

 

9.4. Սովորողն ուսումնառության ընթացքում օգտվում է ինքնավարության իր ընտրած տարբերակից, ինքնասպասարկումից և ազատությունից` իր ստեղծագործական ներուժը, մասնագիտական հետաքրքրությունները դրսևորելու և զարգացնելու նպատակով: Մասնաճյուղի ղեկավարը, Տնօրենը աջակցում են, որ սովորողներն անարգել իրացնեն իրենց ինքնավարությունը մասնաճյուղում, կրթահամալիրում:

 

9.5. Սովորողն իրավունք ունի անհատական կամ կոլեկտիվ գրավոր կամ բանավոր դիմում հղելու Տնօրենին, խորհրդին, մասնաճյուղի ղեկավարին, կրթահամալիրի յուրաքանչյուր աշխատողի, 7-օրյա ժամկետում ստանալու նրանցից հիմնավորված ու սպառիչ պատասխան:

 

9.6.  Սովորողն իրավունք ունի սահմանված կարգով հայց ներկայացնելու կրթահամալիրի Խաղարկային դատարան` Օրենսդրությամբ, Կանոնադրությամբ, ուսումնառության պայմանագրով նախատեսված իր կամ (և) այլոց իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար:

 

9.7. Սովորողն իրավունք ունի սահմանված կարգով օգտվելու կրթահամալիրի գրադարանից, մեդիագրադարանից, սահմանված չափով` ինտերնետից, ուսումնատեխնիկական միջոցներից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *